Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Page Six ամերիկյան տաբլոիդին հաստատել է իր առաջիկա հայաստանյան այցի մասին տեղեկությունը, սակայն ըստ աղբյուրի՝ հերքել է, թե ապրիլին Հայաստան է գալիս հենց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի բերումով:
Աղբյուրը գրում է, որ Քիմ Քարդաշյանը շուտով հպարտության զգացողություն կպարգևի իր հանգուցյալ հորը՝ այցելելով հայրենի Հայաստան:
Աղբյուրը նշում է, որ Քարդաշյանը հոր կողմից հայ է: Մեջբերելով Քիմին՝ Page Six-ը գրում է. «Մեր հայրը կհպարտանար: Մենք ամբողջ ընտանիքով շատ խանդավառված ենք»:
Page Six-ը, չնայած Քիմի հերքմանը, գրում է, որ աստղի այցը կհամընկնի 1915-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին:
Միաժամանակ՝ մեջբերվում է Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Վոլինսկին, ով նկատում է, որ Քիմի այցը «իմաստավոր է»: Նա ասել է, թե ցանկացած մեկի համար, ով հայ է, կարևոր է ցանկանալ վերադառնալ իր արմատներին, հատկապես՝ այդ տարելիցին:
Ավելի վաղ ամերիկյան մամուլից հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը իր քույրերի, դստեր և հնարավոր է՝ ամուսնու հետ այս տարվա ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: