Ադրբեջանցի հայտնի բլոգեր, քաղաքական էմիգրանտ Հաբիբ Մունթեզիրը Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ տեղեկացմամբ, ասուլիսի ավարտին նա մի քանի անգամ բղավել է՝ «Նախագա՛հ Ալիև, ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին», «Պահանջում եմ ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Ալիևն ու Մերկելը չեն արձագանքել այդ բղավոցներին ու հեռացել են:

Գործիչների հանդիպման ընթացքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև դրսում:

«Մենք Իլհամ Ալիևին կոչ ենք անում վերջապես ճանաչել իր երկրում խոսքի և մամուլի ազատության իրավունքը: Ադրբեջանում իշխանությունները ճնշումներ են գործադրում քննադատող ձայները ճնշելու համար: Այսօր ճաղերի հետում է գտնվում առնվազն 12 լրագրող ու բլոգեր, ներառյալ՝ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան»,- ասել են ակցիայի կազմակերպիչները:

Ակցիայի ընթացքում մասնակիցները պարզել են ձերբակալված լրագրողների ու իրավապաշտպանների լուսանկարները, ինչպես նաև պահանջել են Ալիևի հեռանալն ու ժողովրդավարություն: