«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«2014թ. դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին ձերբակալված, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճանն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 22 հազար դոլարի և 5 մլն դրամի չափով դրամական միջոցներ։ Ընդ որում՝ դրան նախորդած տարվա համեմատ դրամական միջոցներն ավելացել են 1 մլն դրամով։ Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ։ Նրա եկամուտներում նշված է նաև 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց վարձավճարից։
Դատավորի կինը՝ Արմինե Զաքարյանը, 2013թ. հայտարարագրել է 12 հազար դոլարի չափով դրամական միջոցներ և 480 հազար դրամ եկամուտ՝ նույնպես վարձակալության դիմաց ստացված վճար։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել էր 20 հազար դոլար կաշառք։ ԱԱԾ-ն տարածել է կաշառք վերցնելու տեսանյութը, որտեղ գործարարը դատավորի պահանջով գումարը դնում է նրա դարակի մեջ։ Հասկանալի է, որ այդ նույն դարակով անցած փողերը հայտարարագրում սովորաբար չեն երևում»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: