«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը և եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձևի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչև մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Երևան վերադառնալուն պես կլրամշակի բանաձևի առաջարկի և որոշման այն մանրամասները, որոնք այժմ չեն ընդունվում կամ չեն դրվում քվեարկության:
Փաստաթղթի տեքստը հետևյալն է.
«ԵԺԿ քաղաքական համաժողովին «Ժառանգություն» կուսակցության (Հայաստան) կողմից ներկայացված բանաձևի նախագիծ. Բրյուսել, 22-23 հունվարի 2015թ.
«Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը և եվրոպական արժեքները»
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ հետևելով իր սեփական ծրագրահենքին ու չափանիշներին, վերահաստատում է հայ ժողովրդի Ցեղասպանության և Մեծ Հայրենազրկման ճանաչումն ու դատապարտումը 2015թ. ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի նախօրեին:
1. Հայոց Ցեղասպանությունը, որը Երիտթուրքերի կառավարության կողմից իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին, պատշաճ կերպով փաստագրված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և աշխարհի այլ պետությունների պաշտոնական պահոցներում տեղ գտած անհերքելի ապացույցներով: Այն հանգեցրել է ոչ միայն ավելի քան երկու միլիոն մարդու մահվան և ունեզրկման, այլ նաև հայոց բնօրրանի, կենսաձևի, արևմտյան մշակույթի ու համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա հիմնարար ներդրումների ոչնչացման: Ցեղասպանությունը տարածվել է նմանապես Պոնտոսի հույների, ասորի և եզդի ժողովուրդների վրա:
2. Այսօր գրեթե ոչ մի հայ չի մնացել իր պապենական հայրենիքում, որը ներկայում ընդգրկված է Թուրքիայի Հանրապետությունում: 1915 թվականից ի վեր հազարավոր եկեղեցիներ, վանքեր և եվրոպական ճարտարապետական ժառանգության հոգևոր ու աշխարհիկ այլ գանձեր ամբողջությամբ ավերվել են, վնասվել կամ հասցվել անմխիթար վիճակի՝ ընդհուպ մինչեւ անհետացման անմիջական սպառնալիքի տակ գտնվելու աստիճան:
3. Թուրքիայի կողմից Ցեղասպանության երկարատև պաշտոնական ժխտման ընդհանուր օրինաչափությունից երջանիկ բացառություն է եղել Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած վերականգնումը: Հույս ենք տածում, որ այս միտումը կշարունակվի ապագայում: Բայց պետք է արձանագրել, որ թուրքական իշխանությունները վանքը փոխակերպել են թանգարանի, և այն աղոթքի, ժամերգության ու կրոնական արարողության համար տարվա մեջ բաց է միայն մեկ օր:
4. Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է և ենթակա՝ լիարժեքորեն ստանձնելու կազմակերպության բոլոր հանձնառություններն ու պարտավորությունները, և արդեն վաղուց Եվրոպական Միությանը վերջնական անդամակցության է ձգտում: Մասնավորապես, նա ստորագրել է Եվրոպական մշակութային կոնվենցիան և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիան: Չնայած միջազգային այդ պայմանագրերին միանալուն՝ Թուրքիան շարունակում է մերժել դրանց շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը, հատկապես՝ չհարգել հայկական մշակութային հուշարձանների պահպանումը, որոնք համաեվրոպական ժառանգության անքակտելի մասն են կազմում:
5. Հաշվի առնելով վերոնշյալը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Թուրքիային հրավիրում է՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և եվրոպական ինքնության, ինչին նա ձգտում է, ձեռնարկել հետևյալ միջոցները.
ա) հետպատերազմյան Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրսևորած ազնվության ու առաջնորդության հիանալի օրինակով առերեսվել սեփական պատմության հետ և, վերջապես, ճանաչել Հայոց ցեղասպանության ու Հայրենազրկման մշտաներկա իրողությունը, ընդունել դրանից իր փրկագինը և փոխհատուցել, ինչպես հարիր է եվրոպական երկրին, այդ թվում՝ երաշխավորելով հայ ժողովրդի իրավունքը՝ վերադառնալ իր ազգային օջախ և անվտանգ վերամիավորվել դրա հետ՝ այս ամբողջը բխեցնելով Ճշմարտության միջոցով Հաշտեցման հասնելու հիմնարար հրամայականից,
բ) ապահովել եվրոպական Թուրքիային իսկապես արժանի տեսլական և գործողությունների ծրագրի իրականացում, այդ թվում՝ պետության, հասարակության ու կրթության շրջանակներում արտահայտվելու և Ցեղասպանությանը հղում անելու ազատությանը, ինչպեսև խղճի ազատությանը, ճեմարանականների ազատ ուսուցմանը, կրոնական և մշակութային այլ վայրերի վերականգնմանն ու դրանք հայ և համապատասխան մյուս համայնքներին վերադարձնելուն առնչվող հարցերի համապարփակ լուծում,
գ) կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել և լիովին գիտակցել իրավական պարտավորությունները, որոնք նա ստանձնել է, այդ թվում՝ այն դրույթները, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանությանը, և, մասնավորապես, բարեխղճորեն իրականացնել անցյալ հարյուրամյակում ոչնչացված կամ ավերված հայկական ու այլ մշակութային ժառանգության միասնական գույքագրում, դրա հիման վրա մշակել հնագույն և միջնադարյան մայրաքաղաքների, եկեղեցիների, ամրոցների, գերեզմանատների ու պատմական Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ գանձերի առաջնահերթ վերականգնման ռազմավարություն և վերոնշյալը վերածել լիովին գործող մշակութային ու կրոնական հաստատությունների,
դ) և, վերջապես, նախաձեռնել հայ ազգային ժառանգության երկար սպասված տոնակատարումը՝ հայ-թուրքական հարաբերությունների համալիր կարգավորման հիմքով, որը խարսխված լինի պատմության հանձնառման, առկախ բոլոր հարցերի խաղաղ լուծման և հարաբերությունների ամբողջական եվրոպականացման վրա:
6. Եվրոպական ժողովրդական կուսակցությունը նաև հրավիրում է Եվրամիությանն ու նրա Հանձնաժողովին, Խորհրդին և Խորհրդարանին՝ որպես Թուրքիայի կողմից ստանձնված հանձնառություններն ու պարտավորությունները կատարելու գնահատում, շարունակական ուշադրություն դարձնել մեր համատեղ ժառանգության ճանաչմանը, վերականգնմանը և վերադարձին, ինչպես առաջարկվում է սույնով»: