Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀՀ-ի նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար:
«Գետի՛նը պետք է մտնեք: Լա՛վ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում»,- գրել է նա:
Ըստ քաղաքագետի Չանաքքալեին (Գալիպոլի ճակատամարտ) նվիրված միջոցառումն ամեն տարի տեղի էր ունենում մարտի 18-ին:
«Այս տարի նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենամեծ «գայթակղության քար» Ադրբեջանի բռնակալ Ալիևին վերցնելու է ու միասին Չանաքքալե են գնալու: Եվ «Իթթիհաթ վե Թերաքքիի» մսագործների կողմից հայ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործությունը խորհրդանշող օրը՝ Ապրիլի 24-ն են «տոնելու»: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսպես է գրում. «Սպանված մեկուկես միլիոն հայերի ուրվականների հետ են քայլելու»,- գրել է նա:
Քաղաքագետը հիշեցրել է, որ անցյալ տարի Էրդողանն Ապրիլի 24-ից առաջ հրապարակած իր ցավակցական ուղերձում ասել էր. «20-րդ դարասկզբին կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն ենք մաղթում և ցավակցում ենք նրանց թոռներին»: