Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով անցնող տարին՝ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «2014 թվականի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է երկրի անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, միջազգային ասպարեզներում ներգրավմանը, ՀՀ դիրքերի ամրապնդմանը, արտերկրում ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը և այլ հարցերի շուրջ քաղաքականությունը»:
Իր խոսքում նա անդրադարձավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ԼՂՀ հիմնահարցին, օգոստոսյան դեպքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքներին:
«Շարունակվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանն ուղղված աշխատանքները: Տարին նշանավորվել է ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմամբ։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում «առանց նախապայմանների» սկզբունքը շարունակել է վայելել միջազգային ատյանի դրական վերաբերմունքը: Շարունակվել են ընդլայնվել նաև դիվանագիտական հարաբերությունները: Մեծ ուշադրություն է դարձվել հայրենիք-սփյուռք կապերին»,- ասաց ԱԳ նախարարը:
Պատասխանելով հարցին, թե Գյումրիի դեպքերի հետ կապված տպավորություն կա, որ պետական մարմինները ուշ են արձագանքում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Հենց այդ օրը ՀՀ Նախագահը իրավապահ մարմինների հետ խորհրդակցություն է անցկացրել, տվել է հանձնարարական, որ ամենասեղմ ժամկետներում բացահայտեն հանցագործությունը: Հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ, շփումներ եղել և շարունակվում են ամենատարբեր մակարդակներում, լիակատար փոխըմբռնում կա, որ դատահետաքննությունը լինի բաց ու թափանցիկ, և որ մեղավորները օրենքի ամբողջ ուժով պատժվեն»:
Հարցին, թե ինչպես է ԱԳՆ վերաբերում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի վերաբերյալ հայտարարությանը, Նալբանդյանը պատասխանեց. «Ութ տարի շարունակ չկարողացան բացահայտել Դինքի սպանության կատարողին, հիմա ինչ-որ բարիդրացիական հայտարարություններ են անում: Նրանց հայտարարություններում որևէ նոր բան չկա»: