ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:

Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ ԶՈւ ղեկավարության ջանքերն ուղղված են լինելու ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների անվտանգության համար ներքին ու արտաքին երաշխիքների ապահովմանը: Ընդգծվել է, որ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները մարտունակ են, ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանի և կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նիստի ընթացքում զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակի, մարտական հերթապահության, օպերատիվ շտաբների պատրաստության, մարտական ուսուցման, հրամանատարական կազմի ինքնապատրաստման, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղվված 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը և ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը: