ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը պնդում է, որ թյուր կարծիք է ստեղծվել, որ ոստիկանության ոչ արդյունավետ քայլերի արդյունքով է Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնվել ռուս իրավապահների ձեռքում: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
«Նախաքննության ձեռք բերված տվյալների համադրության պարագայում, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, ով մեղավոր է այդ հարցում, հստակորեն կպատժվի, բայց ոստիկանությունը մանրակրկիտ ուսումնասիրել է ողջ տարածքը»:
Լրագրողները, սակայն պնդեցին, թե տեղեկություն կա, որ ռուս զինծառայողին հայ սպա է վնասազերծել, Խաչատրյան ազգանունով, ով Պերմյակովին ռուսներին է հանձնել, սրան ի պատասխան Պողոսյանը նշեց. «Մենք դրա մասին տեղեկություն չունենք, բայց եթե նույնիսկ հայ սահմանապահ է բռնել, մեր գերխնդիրն այդ պահին ոճրագործին վնասազերծելն էր»:
«Պերմյակովի՝ մենակ չլինելու վարկածը ևս քննարկվում է»,- ասաց նա ի պատասխան դիտարկմանը, թե շրջանառվում է նաև վարկած, որ Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մենակ չի եղել։
Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում առաջ քաշված տարբեր վարկածներ ուսումնասիրվում են, որոնք հերքվում են կամ հաստատվում: Հայ ու ռուս իրավապահներն աշխատում են, և նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: