Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերից ունեցած առաջին տպավորությունների մասին:

- Աղվա'ն, գո՞հ ես ազգային հավաքականի դեմ ցուցադրած քո խաղից:

- Մարզիչները պետք է ասեն, ես լավ խաղացի, թե ոչ: Միայն մի բան գիտեմ, որ կարող էի ավելի լավ խաղալ:

- Այդ խաղից հետո հրավիրվեցիր Ազգային հավաքական: Ի՞նչ զգացիր այդ պահին:

- Շատ ուրախացա (ժպտում է): Ճիշտ է, ինձ լավ զգացի, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Ես պետք է շատ մարզվեմ ու կրկին ապացուցեմ, որ կարող եմ խաղալ ազգային հավաքականում: Սա դեռ սկիզբն է, ես դեռ շատ աշխատանք ունեմ իմ կատարելու:  Բայց միայն այն, որ ես կարող եմ մարզվել Մխիթարյանի, Մովսիսյանի, Մարկոսի պես ֆուտբոլիստների կողքին, ինձ համար շատ լավ է: Ուրախ եմ, որ կարող եմ մարզվել նրանց ու նրանց նման շատ այլ ֆուտբոլիստների հետ:

- Հավատու՞մ ես, որ մի օր հավաքականի համար անփոխարինելի կդառնաս:

- Հուսով եմ ու հավատում եմ, որ այդպես կլինի: Բայց ինչպես ասացի, ես դեռ շատ աշխատանք ունեմ անելու:

- Երբ իմացար, որ հրավիրվել ես ազգային հավաքական, առաջինն ու՞մ ասացիր այդ մասին:

- Ես իմացա խաղից հետո, և առաջինը ասացի հորեղբորս: Հետո իմացան հայրս ու մայրս:

- Եվ ինչպե՞ս արձագանքեցին:

- Շատ ուրախացան, բայց ես նրանց հանգստացնում էի ու ասում, որ լավ է, բայց դեռ իմ առջև շատ խնդիրներ կան դրված, ու մենք դեռ ավելի շատ ենք ուրախանալու:

- Ի՞նչ կասես Չեխիայի հավաքականի դեմ խաղի մասին:

- 2 հավաքականներն էլ շատ ուժեղ են, բայց մենք խաղալու ենք մեր դաշտում: Մեր շատ լավ երկրպագուները մեզ հաստատ կօգնեն, որ այդ խաղում հաղթենք: Մենք մտնելու ենք խաղադաշտ` հաղթելու համար:

- Ի՞նչ կմաղթես մեր հավաքականին:

- Ուզում եմ, որ մեր հավաքականը շատ-շատ լավ թիմ դառնա,  խաղա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում: Դա հնարավոր է, քանի որ մենք ունենք շատ լավ խաղացողներ: