Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի պաշտոնական բացումը:
2009 թվականից առ այսօր Սմբատ Լպուտյանի հետ լծվել ենք «Շախմատը դպրոցում» ծրագրի իրականացմանը: Այս նախաձեռնությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն պատմություններից մեկն է: Գուցե վաղ է խոսել ծրագրի արդյունքի մասին, սակայն վստահեցնում եմ, որ կրթական նման լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ կբերի ցանկացած երկրի:
Մենք տարիներ շարունակ ներմուծել ենք կրթական առաջատար տեխնոլոգիաներ. ներկայումս մենք հնարավորություն ունենք` ի դեմս շախմատի, ունենալ արտահանվող արդյունք: Վստահեցնում եմ ձեզ, որ տասնյակ երկրների նախարարներ մեծ հետաքրքրություն են դրսևորում «Շախմատը դպրոցում» ծրագրի հանդեպ:
Մարտին Ս. Լպուտյանի հետ կներկայացնենք ծրագրի արդյունքները ԱՄԷ-ում կայանալիք համաշխարհային կրթական համաժողովին: Կենտրոնի բացումը լավագույն պատասխանն է երբեմն հնչող քննադատություններին: Իհարկե, այս ամենում կա հանրային կարծիքի ձևավորման լավագույն փորձ, երբ աշխարհի առատատար ԶԼՄ-ները լուսաբանում են վերոնշյալ ծրագիրը, որը մեր երկրի մասին դրական հիշատակումների անսպառ աղբյուր է:
Հույս ունեմ, որ կենտրոնի բացմամբ ավելի խորքային վերլուծության կենթարկվի ծրագիրը և հիմք կհանդիսանա հետագա քաղաքականության շտկման համար: Նախարարությունը լիարժեք և շարունակական աջակցություն կցուցաբերի կենտրոնին:
Արմեն Աշոտյան