1992 թվական. Նորաստեղծ անկախ փոքրիկ Հայաստան. Պատերազմ. Չափազանց ծանր և դժվարին պայմաններ բոլոր հայերի համար: Բայց հայը, ինչպես իր գոյատևման հազարամյակների պատմության յուրաքանչյուր կարևորագույն փուլում, խրոխտ ոտքի կանգնեց, համախմբեց իր եղբայրներին ու քույրերին, ճակատ-ճակատի դուրս եկավ ավելի մեծ, ավելի հարուստ ու ավելի պատրաստված թշնամու դեմ և անվախ պայքարեց իր սուրբ հողն ու արժանի էությունը պաշտպանելու համար:

Անհամար հայ կամավորները երկրագնդի ամենատարբեր ծայրերից շտապեցին հայրենիք, ստեղծվեցին ֆիդայական բազմաթիվ ջոկատներ, որոնք էլ ջախջախեցին թվացյալ հզորություն ունեցող թվաքանակով տասնապատիկ անգամ շատ, բայց սարսափած թշնամուն:

Հենց այդ ծանրագույն պահին էլ որոշում ընդունվեց կազմավորել նորաստեղծ անկախ Հայաստանի օրինավոր բանակ: 1992 թ.-ի հունվարի 28-դարձավ նոր պատմության սկիզբ և ստեղծվեց նորօրյա Հայաստանի Հանրապետության ազգային բանակը:

Այժմ հայկական բանակն արդեն 23 տարեկան է: Իսկ դա նշանակում է, որ դեռ երիտասարդ է, բայց գտնվում է ուժերի ամենածաղկուն շրջանում, խիզախ է, քաջ ավյունով լի և պատրաստ դիմակայելու թշնամու յուրաքանչյուր լպիրշ ինքնաթողության:

Տարին 12 ամիս, օրը 24 ժամ, հենց հիմա, հենց այս պահին հայ բանակի զինվորն ու սպան իրենց պապերից ու հայրերից ժառանգած անասելի խիզախությամբ պատրաստ են յուրաքանչյուր պահի հերոսանալ ու պաշտպանել թիկունքում գտնվող սուրբ հողակտորն ու մեզ՝ բոլորիս:

Այսօր հունվարի 28-ն է: Այսօր մե՛ր բանակի տոնն է:  Այսօր տոն է բոլորի՛ս համար:

Կազմեց՝ Անուշ Զոհրաբյան