Իրավունք թերթը գրում է, որ վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ը` Եվրամիության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ ներկայացրել էր Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքիև խոշտանգումների մասին ուսումնասիրություն` անչափահասների արդարադատության համատեքստում:

Ըստ նշված կազմակերպությունների անանուն հարցումների` Հայաստանում անչափահասների իրավունքները խախտվում են կամ նրանք ենթարկվում են դաժան վերաբերմունքի, թե մինչև դատավարությունը, թե դատավարության ընթացքում:

Այս հարցի շուրջ թերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ:

Ն.Դուրյանը մասնավորապես նշել է, որ անչափահասներն առանց փաստաբանի չեն հարցաքննվում` հավելելով, որ ոստիկանությունը շատ խիստ մոտեցում է ցուցաբերում բռնության, ոտնձգության դեպքերին, որոնք կատարվում են ոստիկանության աշխատակցի կողմից:

«Եվ եթե հանկարծ որևէ ոստիկան նման հակաօրինական քայլ թույլ տա, ապա ոստիկանության ղեկավարության կողմից ամենախիստ պատժին կենթարկվի»,- ասել է Ն.Դուրյանը:

Հարցին, թե ինչու են վերոնշյալ կազմակերպությունները նման եզրակացություն արել Ն.Դուրյանը պատասխանել է. «Անկեղծ ասած նման հարցումներն ինձ համար շատ տարօրինակ են: Քանի որ սա անանուն հարցում է, հարկավոր են հստակ փաստեր` պնդելու համար, որ հիմնականում ոստիկանությունում են անչափահասներն արժանանում դաժան վերաբերմունքի և ենթարկվում խոշտանգումների»: