Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ՝ հունվարի 28-ին, մեկնարկել է Դողու Փերինչեքի դատավարությունը: Որպես ՀՀ ներկայացուցիչ ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Իր խոսքում Կոստանյանն ասել է. 

«Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս տարի ապրիլի 24-ը առանձնահատուկ նշանակություն ունի՝ այդ օրը նշվում է ոճրագործության հարյուրամյակը. բայց ոչ այն պատճառով, որ կոտորածներն ու աքսորները տեղի են ունեցել միայն այդ օրը: Ոչ, դրանք տևել են 25 տարուց ավելի՝ 1895-1923թթ.: Բայց 1915 թվականի այդ օրը նախապես պլանավորված և ցինիկ կերպով թուրքական իշխանությունները հավաքեցին բոլոր հայ մտավորականներին՝ հարյուրավոր գրողների, երգահանների, արվեստագետների, համայնքային ղեկավարների և սպանեցին նրանց:

Հայ տղամարդիկ, որոնցից շատերն, ի դեպ, ծառայում էին օսմանյան բանակում, սրի քաշվեցին: Կանայք, երեխաներն ու ծերերը ուղարկվեցին անապատ՝ մահվան քայլերթի, որտեղ նրանք սովի մատնվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին և սպանվեցին: Կանխամտածված կերպով ոչնչացվեց հայ բնակչության կեսից ավելին»:

Այնուհետև խոսքը փոխանցեց Ջեֆրի Ռոբերտսոնին և Ամալ Քլունիին, ովքեր շարունակեցին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը: 

ՄԻԵԴ-ը Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարևոր սխալ է թույլ տվել։ Ասաց Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին: Նա շեշտել է, որ Եվրոպական դատարանի մեծագույն սխալն է եղել Փերինչեքի գործով որոշում կայացնելով Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելը: