«Հրապարակ» թերթը գրում է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանն առանձնացավ նրանով, որ ոչ մի աղմկահարույց կամ մեզ՝ հայերիս, վերաբերող բանաձևերով ու զեկույցներով չառանձնացավ: Թերևս միակ ուշագրավ հարցը Ռուսաստանին կրկին ձայնի իրավունքից զրկելու հարցն էր: Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ն քվեարկության դրեց ՌԴ պատվիրակության` Վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկություններում մասնակցության իրավունքի չվերականգնման մասին զեկույցը, որը ներկայացվել էր համապատասխան բանաձևի ընդունման համար: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դեռ անցյալ տարվանից որոշում էր կայացրել՝ զրկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից՝ այդպիսով պատժամիջոց կիրառելով Ռուսաստանի հանդեպ, Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Այս նստաշրջանում կրկին դրվեց Ռուսաստանի պատվիրակության՝ ձայնի իրավունքից զրկելու որոշումը պահպանելու կամ նրան երկխոսության իրավունք տալու հարցը: Ուկրաինացի պատվիրակները, բնականաբար, ակտիվորեն աշխատանք էին տանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանման ուղղությամբ՝ կոչ անելով կողմ քվեարկել: Հայաստանի պատվիրակությունից այդ քվեարկությանը մասնակցել է 3 պատվիրակ՝ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը և ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրանք միաձայն ձեռնպահ են քվեարկել բուն բանաձևին: Բայց, ահա, մինչ բանաձևը, քվեարկության է դրվել նախ Ռուսաստանին ամբողջությամբ ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձևի փոփոխության նախագիծը, որին հայ պատվիրակները դեմ են քվեարկել: Արդյունքում՝ 148 կողմ, 64 դեմ, 6 ձեռնպահ ձայներով անցել է փոփոխության նախագիծը, իսկ վերջնական բանաձևն ընդունվել է 160 կողմ, 37 դեմ, 12 ձեռնպահ ձայներով: Այդ 12-ից 3-ը եղել են մեր պատվիրակության ձայները: Ուշագրավ է, որ բանաձևի ընդունմանը դեմ են քվեարկել ոչ միայն Կիպրոսի, Սերբիայի պատվիրակները, նաև Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Խորվաթիայի պատվիրակների մեծ մասը, Ադրբեջանի բոլոր 6 պատվիրակները: Այսինքն՝ Ադրբեջանը սատարել է Ռուսաստանին՝ չցանկանալով զրկել նրան ձայնի իրավունքից:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունից այս անգամ 3 անդամ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաև ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը չէին մեկնել Ստրասբուրգ: Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, որ նրանք հենց այդ քվեարկությանը չմասնակցելու համար են հանկարծ միաժամանակ «հիվանդացել» ու հրաժարվել մեկնելուց: Մեզ ասացին, որ Լևոն Զուրաբյանի մոտ վերջին պահին է առողջական կարճաժամկետ խնդիր առաջացել՝ ոլորել է ոտքը և ստիպված հետ է վերադարձրել ինքնաթիռի տոմսը: Արդյունքում՝ Հայաստանի իշխանական երկու պատվիրակներ + ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյան եռյակը «հերոսացվեց» Ռուսաստանի հարցում որոշակի անկախություն ցուցաբերելու և սեփական խելքով, այլ ոչ թե մշտական պարտադրված պրոռուսական կողմնորոշմամբ քվեարկելու հարցում:
Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեր պատվիրակների այս քայլը մեկնաբանում է այսպես. «Ես, օրինակ, թույլ չէի տա, որ ՄԱԿ-ում քվեարկեն 11 երկրների հետ (նկատի ունի Ղրիմի հետ կապված բանաձևը՝ Վ. Մ.): Ի՞նչ ասեմ, քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստանին ձայնից զրկում է, հիմա մերոնք ձեռնպահ են քվեարկել: Ինձ թվում է՝ Հայաստանն սկսել է հասկանալ, որ չի կարող լրիվ ստրուկ ընկալվել, որ մյուսների հետ հարաբերություններ կան, բաներ կան, չի կարող… Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ամբողջ աշխարհի վրա թքել, բայց մենք չենք կարող»: Արդյոք սա Հայաստանի կողմից ինքնուրույնության դրսևորման բացառի՞կ դեպք էր, Արզումանյանն ասաց. «Այո, համարենք, որ սա ինքնուրույնության դրսևորման առաջին փորձն էր, հուսանք, որ նման փորձերն ավելի շատ կլինեն և ավելի հստակ»:
Արտաքին քաղաքականության գիտակ պատգամավորի կարծիքով՝ երևի արդեն իշխանություններն էլ են հասկանում, որ այսպես չի կարող շարունակվել. «Թքում են երեսներին՝ իշխանությունների, ախր, շաբաթը մեկ, բա մի բան չանե՞ն գոնե, ինչ-որ ինքնուրույն քայլ: Ընդհանուր առմամբ՝ դրսից արձագանքները (նկատի ունի՝ եվրոպական) նորմալ են մեր քվեարկության վերաբերյալ, ըմբռնումով են մոտենում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: