Սույն թվականի հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:

Հաղորդագրությունից մասնավորապես հանվել են թիվ 11, թիվ 15, թիվ 31, թիվ 51, թիվ 40, թիվ 30 ավտոբուսային երթուղիներն ու որոշ դեպքերում քաղաքացիներին առաջարկվում է օգտվել միայն երթուղային տաքսիների ԳԱԶԵԼՆԵՐ-ի ծառայությունից:

Սույն մամլո հաղորդագրությունից հետևում են մի շարք հարցեր.

• Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումը,

• Վերոնշյալ երթուղիների ավտոբուսները ո՞րտեղ են օգտագործվելու,

• Քանի՞ ավտոբուսներ էին սպասարկում վերոնշյալ 6 երթուղիները,

• Արդյո՞ք ավտոբուսային երթուղիների վերանայման գործընթացում հաշվի են առնվելու Երևանի ծայրամասերում ապրող քաղաքացիների համար երեկոյան ժամը 8-ից հետո տրանսպորտի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, լսելո՞ւ եք Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների երկարատև բողոքներն այն մասին, որ ընդամենը 2 միկրոավտոբուսային` թ.34 և թ.38 երթուղիներն են աշխատում այդ ուղղությամբ, այն էլ մինչև երեկոյան ժամը 8-ը, որտեղ տեղակայված են ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, «ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ » արտադրությունը, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոնը և իհարկե թաղամասի շենքերը:

Որքանո՞վ է քաղաքապետարանի սույն նախաձեռնությունը օգնելու երևանցիների տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան.