Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ այսօր` հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:

Խորհրդակցության ընթացքում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, կատարված հանցագործության հետ ուղղակի և անուղղակի առնչվող մեղավորների շրջանակը պարզելու ուղղությամբ հարուցված ծառայողական քննության արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:

Անդրադառնալով միջադեպին` պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին: Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները` նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը:

Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ:
Հավելենք, որ դեպքի առթիվ կատարվող նախաքնննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։