Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան իր կնոջ հետ մեքենայով երթևեկելիս կանգնել է ճանապարհին՝ ուղևոր վերցնելու համար, գրում է The Independent-ը:

Գերհալդ Ակոստան քայլելիս է եղել իր աշխատավայրից մինչև տուն ընկած մոտ 100 մղոն հեռավորությամբ ճանապարհով, երբ տասնյակ ավտոմեքենաներ անցել են՝ առանց կանգնելու:

Բայց երբ վերջապես մի ավտոմեքենա է կանգնել, նա ապշել է՝ մեքենայում տեսնելով Խոսե Մուխիկային և նրա կնոջը՝ Լուսիա Տոպոլանսկիին:

«Ես գիտեմ այս կնոջը: Լուսիան էր՝ Մանուելա շան հետ, և Խոսեն՝ դիմացի նստարանին: Ես չէի կարող հավատալ: Նախագահն ինձ ճանապարհից վերցնում է իր ավտոմեքենայով»,- պատմել է նա El Observador թերթին:

Նա հավելել է. «Երբ դուրս եկա մեքենայից, ես նրան խորին շնորհակալություն հայտնեցի, որովհետև ճանապարհին ամեն մեկը չէ, որ օգնում է, առավելևս՝ նախագահը»:

Մուխիկան համարվում է աշխարհի ամենահամեստ նախագահը, ով իր աշխատավարձի 90 տոկոսը տալիս է բարեգործության և նախընտրում է ապրել իր փոքրիկ տան մեջ՝ պաշտոնական նստավայրի փոխարեն: