ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստին այսօր անդրադարձավ Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին՝ ընդգծելով, որ միջադեպն իհարկե դատապարտելի է:

«Ե՛վ հայաստանյան, և՛ ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն և իրադարձությունը ներկայացնեն հանրությանը»,-ասաց նա, սակայն շեշտեց, թե ինքը ցանկանում է խոսել խնդրի երկրորդ կողմի մասին:

«Որի մասին, չգիտես ինչու, մեզանից ոչ ոք չի խոսում: Ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ և Ցեղասպանության զոհերի հիշատակման բացասական կոնտեքստում, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ»,-հարցրեց նա և հայտարարեց, թե նման քայլերը «անբարոյականություն են ,և դրա մասին պետք է բոլորը բարձրաձայն խոսեն»: