Ազգային ժողովի այսօրվա նիստում ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ իրենք ներկայացուցիչներ չեն ունենալու ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի կազմում, քանի որ այն ձևական բնույթ է ստանում: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց. «Քանի որ Հաշվիչ հանձնաժողովում մեծամասնություն է կազմում Հանրապետական խմբակցությունը, և մյուս խմբակցությունները դերակատարություն չեն ունենալու, մենք չենք մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին»:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց. «Կարող ենք գալ ընդհանուր հայտարարի, քննարկել հարցը և վաղը դնել քվեարկության»: Սակայն ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հնարավոր չէ որոշումը թողնել վաղվան, քանի որ ԱԺ կանոնակարգը պահանջում է որոշումն ընդունել այսօր:
Հաշվիչ հանձնաժողովի կազմն անփոփոխ թողնելու մասին նախագիծը չընդունվեց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հավելեց.«Ուրեմն ես կհաշվեմ, դուք կտխրեք»: