Ֆրանսիայում պաշտոնապես սկսել են հետաքննել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ ուղղված գործը` նրան մեղադրելով 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեջ: Գրում է BBC Russia կայքը:

Նախկին նախագահին կասկածում են, որ նա մեծ քանակությամբ գումար է ընդունել ֆրանսիական L'Oreal կազմակերպության ժառանգ Լիլիան Բետանկուրից` որպես նվիրատվություն: Նշենք, որ Լիլիան Բետանկուրը 90 տարեկան է և Ֆրանսիայի ամենահարուստ կինն է:

Սակայն Սարկոզին հերքում է, որ օգտվել է կնոջ ֆինանսական միջոցներից:

Հինգշաբթի օրը դատավոր Ժան-Միշել Ժանտիլը Սարկոզիին և Բետանկուրի աշխատակցին առերեսման էր կանչել, որպեսզի պարզեր, թե 2007 թվակնին Սարկոզին և Լիլան Բետանկուրը քանի անգամ են հանդիպել: Ինչպես հաղորդում է BBC-ի փարիզյան թղթակիցը, Սարկոզին պնդում է , որ այդ տարի նրանք մեկ անգամ են հանդիպել, սակայն տիկնոջ աշխատակիցը մեկ այլ բան է ասում:

Առերեսումից հետո դատախազությունը հայտարարեց, որ Սարկոզիի դեմ պաշտոնական հետաքննություն է սկսվում` կապված այն փաստի հետ, որ 2007 թվականին նախկին նախագահը օգտվել է խոցելի իրավիճակում գտնվող անձի ֆինանսական միջոցներից, ինչը ակնհայտ վնաս է հասցրել Լիլան Բետանկուրին: