Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին  «100-ամյակն առանց ռեժիմի» ակցիան լուսաբանելու մեկնած լրագրող Անուշավան Շահնազարյանը, օպերատորներ Արսեն Խեչոյան և Արմեն Ադամյանը ասացին, որ շաբաթ օրը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի հատվածում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ոստիկանությունը փորձել է հեռացնել լրագրողներին, որպեսզի չկարողանան նկարահանել.

Վերջերս Ռուսաստանից Հայաստան տեղափոխված և «Նոյյան Տապան» լրատվական կայքին թղթակցող Անուշավան Շահնազարյանը պատմեց, որ երբ հասել են նշված տարածք, ոստիկաններն են իրենց դիմավորել ու ասել երթի կազմակերպիչներին, թե «ֆիդայինները համաձայն չեն, որ իրենք նման ակցիայի անցկացնեն Արցախում»:

«Նրանք ասացին, որ լրագրողները կարող են առաջանալ և նրանց հետ հարցազրույցներ անել: Մեկը եկավ, ներկայացավ որպես ազատամարտիկ ու սկսեցին հարցազրույց անել, հանկարծ մեքենաներ կոտրելու ձայներ լսեցինք: Միանգամից հետ դառանք ու սկսեցին նկարահանել ծեծուջարդը: Այդ ժամանակ մի հատ հարված ստացա մեջքիս, շուռ եկա, լրագրողական վկայականս ցույց տվեցի, շատ կոպիտ ասեց, որ իրանց համար մեկ ա, ու երկրորդ անգամ հարվածեցին: Ուզում էի գնալ դեպի մեքենա, վրես թափվեցին վեց հոգով, գցեցին գետնին ու սկսեցին հարվածել, վզիցս քաշեցին-հանեցին կամերաս ու տարան»,-պատմեց նա:

Լրագրողը պահանջում է, որպեսզի իրեն վերադարձնեն իր նկարահանող սարքը:
«Հիմնադիր խորհրդարանի» օպերատոր Արսեն Խեչոյանն էլ պատմեց, որ ոստիկանների շրջանում կային օպերատորներ, որոնք նկարում էին շատ լավ սարքերով ամեն կողմը:
«Իրենք ամեն ինչ ֆիքսել են, նկարում էին անգամ թռչող սարքերով: Ես այդքան շատ հարվածներ չեմ ստացել, որովհետև սև շորեր էի հագել, ինչպես իրենց քաղաքացիական հագուստով ոստիկանները, շատերը շփոթում էին ինձ, բայց ձեռքիս հարվածեցին ու կամերաս ընկավ: Իրենք հենց սկզբից ուզում էին կամերաները տարածքից հեռացնել, որ հանգիստ իրանց գործը անեն ու դեմքեր չֆիքսվեն»,-ասաց նա: