«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը, որում Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի: Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր: Հիշեցնենք, որ ընդամենը 3 տարի առաջ՝ 2012-ին, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը կազմում էր 40 միլիոն ԱՄՆ դոլար: 2013-ին այդ օգնությունը նվազեցվեց մինչև 27 միլիոն 219 հազար դոլարի, իսկ արդեն 2014-ին կազմեց 20 միլիոն դոլար:

Տարեցտարի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցումը, թերևս, միանգամայն տրամաբանական է և համահունչ այդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ: Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ը Հայաստանին տարեկան հատկացնում էր 174 միլիոն դոլար, ամերիկյան ազդեցությունը մեր երկրում շատ ավելի մեծ էր: Համենայնդեպս, այդ ազդեցության ամրապնդման համար դաշտը առավել բաց էր: Մինչդեռ հիմա, երբ մեր երկիրը ոչ միայն իր քաղաքական, այլև տնտեսական զարգացման հեռանկարը կապել է ԵՏՄ-ի հետ, ԱՄՆ-ը առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական, օգնությունը չնվազեցնելու հարցում:

Այնպես որ, Օբամայից դժգոհելու տեղ չունենք, հատկապես որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգները շարունակում է պահել հավասարակշռությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում, որն այս տարի նվազեցվել է՝ հասնելով 1 միլիոն 700 հազար դոլարի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: