«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել:

Հիշեցնենք, որ թեև հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առիթով ուժեղացված հսկողություն էր սահմանված ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, կարծես թե, այնքան էլ ուժեղ հսկողություն չի եղել: Այդ մասին երեկ ակամայից խոստովանել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, թե. «Ոգելիչ խմիչքների օգտագործում է եղել, այնուհետև նկատողություն էր արել, որ պետք է պահպանվի էթիկայի նորմերը՝ սնունդ ընդունելու ժամանակ: Վիճաբանություն է ծագել Հայկազ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև: Եղել է ծեծկռտուք, որը վերածվել է սպանության»: 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը Հայկազ Բարսեղյանը Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի հետ տղաներից մեկի ծննդյան տարեդարձ են նշել ինստիտուտի ճաշարանում: Նրանք ալկոհոլ են օգտագործել, իսկ ավելի ուշ Հայկազը տղաներից մեկին «չփչփացնելով» հաց ուտելու համար նկատողություն է արել, որն էլ ճակատագրական է դարձել նրա համար: Սկսվել է լեզվակռիվ, իսկ ավելի ուշ որոշել են քննարկումը շարունակել իրենց ննջասենյակում, սակայն այնտեղ կրքերն ավելի են թեժացել, և տղաների միջև սկսվել է ծեծկռտուք: Վերջիններս հասկանալով, որ չեն կարողանում «կոտրել» Հայկազին, որոշել են կտրել նրա ձեռքի երակները, ինչի արդյունքում Հայկազը ուշագնաց է եղել: Տղաները, տեսնելով նրան անշնչացած, հասկացել են, որ մահացել է, և գիտակցելով կատարվածի լրջությունը՝ որոշել են թաքցնել դիակը:

Նրանք նախ ուսումնական զորամասի բակում փոս են փորել, որ տղայի դին թաքցնեն, սակայն հասկանալով, որ այդ կերպ կբացահայտվի, թե ովքեր են կատարել հանցագործությունը, որոշել են ինքնասպանության տարբերակը կազմակերպել՝ կարծելով, թե այդպես «ջրից չոր դուրս կգան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: