Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիս 17-ի բռնարարքի գործով այսօր ցուցմունքներ տվեց համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը: Ըստ նրա դատաքննական ցուցմունքի՝ ինքը տեղեկացրել է Վահե Ավետյանին, որ «Հարսնաքար» մարզահագուստով չեն գալիս, ինչին ի պատասխան Վ.Ավետյանն ասաց՝ «շորերս հանեմ, տռուսիկով նստեմ», հայհոյանքով Վ.Ավետյանը ասել է՝ «հաշիվը բեր, թողնենք գնանք»: Ավելի ուշ տուժողը հայտարարել էր՝ «որ ժամին էլ լինի, գալու ենք, քեֆը շարունակենք»: Ապա հագուստը փոխելուց հետո «գրկախառն Դիանայի հետ» Վ.Ավետյանը հարցրել է, իսկ գլխարկով կարելի՞ է, ասաց, որ «կայֆավատ ենք լինում վրեդ», ապա «հայհոյանքներով, վատ բառերով, ընտանիքիս հայհոյել է՝ մի հատ խփեցի»: Ամբաստանյալը հայտնեց, որ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հանդիմանել է իրեն, «շորիցս քաշեց ու ասաց՝ ռադդ քաշի, գնա»: Հաճախորդների հետ խնդրի մասին ինքը տեղյակ է պահել ռեստորանի տնօրենին ու մենեջերին, ապա աշխատանքի ավարտին գնացել տուն: Ամբաստանյալը հայտարարեց, որ օգտվում է իր իրավունքից և հրաժարվում պատասխանել դատավարության մասնակիցների, այդ թվում՝ իր պաշտպանի հարցերին:

Մեղադրող, գործով դատավարական հսկողություն իրականացնող Արթուր Դավթյանը հայտարարեց, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում անդրադարձել է համալիրի ավտոկայանատեղիի տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքին, սակայն դատաքննական ցուցմունքում ոչ մի բառ չասաց այդ մասին: Դատաքննության և նախաքննության ցուցմունքերի միջև առկա էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին Դ.Ադամյանի նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս Դ.Ադամյանը հայտնել էր, որ «Գարիկը, Կյաժը և Արթուրը («Փաստինֆո». ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը և Արթուր Բաբլոյանը) ձեռքերով ու ոտքերով» հարվածում էին Վ.Ավետյանին և նրա հետ «Հարսնաքար» եկած ընկերներից երեքին:

Ի պատասխան, մասնավորապես այս նախաքննական ցուցմունքի վերաբերյալ իր պաշտպան Սերգեյ Մկրտչյանի հարցի՝ Դավիթ Ադամյանը դատարանում հայտարարեց, որ քննիչներն էին թելադրում անունները, «գլխիս վերևը մասկեքով կանգնած էին, մտածում էի կծեծեն, կջարդեն»: Ամբաստանյալը ևս մեկ անգամ հայտարարեց՝ «ոչինչ չեմ տեսել, չեմ մասնակցել ծեծին, չեմ եղել ու չէի կարող լինել այնտեղ»:

Մինչ հարցաքննությունը սկսվելը տուժող Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ ողջամիտ կասկած ունի առ այն, որ ամբաստանյալը կկաշկանդվի մյուս ամբաստանյալների ներկայությամբ ցուցմունք տալ, ուստի միջնորդեց նրան հարցաքննել մյուս ամբաստանյալների բացակայությամբ: Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ միջնորդությունը բավարարվելու դեպքում կխախտվի քննության օբյեկտիվությունն ու լրիվությունը, հավասարության սկզբունքը: Դատարանը գտավ, որ ողջամիտ կասկածի համար հիմքեր ու տեղեկություններ չկան, ուստի միջնորդությունը մերժեց:

Մարտի 26-ի դատական նիստում ցուցմունքներ կտա ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը: