Այսօրվա միջոցառումը նպատակ ունի համատեղ ջանքերով հետագա գործողությունների համար ճանապարհային քարտեզ գծել։ Այս մասին փետրվարի 5-ին ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի ժողովի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իրենց նպատակն է ճիշտ քայլեր մշակել, որոնք կհանգեցնեն երկրում իշխանափոխության։ «Ժողովրդի պահանջը պետք է ուղեցույց լինի մեզ բոլորիս համար։ Հայաստանի իշխանությունները կորցրել են ժողովրդի վստահությունը, քանի որ բոլոր ասպարեզներում չհաջողված քաղաքականություն են վարում։ Ասեք ինձ գոնե մեկ ոլորտ, որտեղ Հայաստանի իշխանությունները պարտություն չեն կրել»,- հայտարարել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամի ողջ մեղավորությունը կրող մարդիկ, այս դեպքում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձր պաշտոններ են զբաղեցնում։ «Նախկին վարչապետը պատասխանատու պաշտոնի է անցել ԱՄՆ-ում եւ տխրահռչակ Քիմ Քարդաշյանի պես իր նկարներն է զետեղում սոցիալական կայքերում»,- նշել է նա։