Տնտեսվարողներին ՀԴՄ-ներով ապահովելու նպատակով «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 910 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նիստում հաստատվել են պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երկրորդ փուլի վաճառքի պայմանները:
Գործադիրը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող շուրջ 5 հազար քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի ապամոնտաժման գործընթացը: Առաջացած տարածքում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների 2010թ. հանդիպման ժամանակ: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, որպեսզի մինչև ս.թ. մայիսի վերջը շինարարությունն սկսելու հնարավորություն ստեղծվի:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում՝ կառավարությունն անհրաժեշտ իրավական կարգավորումներ է արել սոցիալական վճարների կատարումից հրաժարվելու և վճարումը վերսկսելու՝ անձանց իրավունքների իրացման համար:
Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը շուրջ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Համաժողովը կնպաստի ՀՀ և ՌԴ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կապերի սերտացմանը: Ակնկալվում է համագործակցության համաձայնագիր կնքել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև: