Վ. Սարգսյանի Անվան ռազմական ինստիտուտում կատարված ողբերգությունը անասելի ցավ պատճառեց ինձ, մանավանդ որ այդ բոթը լսելու պահին գտնվում էի առաջնագծում և մեր դիրքապահների հետ միասին ուրախանում էինք խրամատների մեջ, որ այդ գիշեր սահմանի վրա ոչ մի զոհ կամ վիրավոր չէր եղել:

Մեր բանակի տոնի հետ կապված, ճիշտն ասած սպասում էինք ավելի «թեժ» գիշերվա` սադրանքներ, դիվերսիոն ներթափանցման փորձեր և այլն, սակայն զարմանալիորեն խաղաղ էր գիշերը: Ես դեռ չգիտեի, որ ազերիները սկսել են մասսայաբար հրաժարվել կրակել հայերի վրա, վախենալով անխուսափելի ու ցավոտ հետևանքներից... Գիտեք ես հաճախ եմ հանդես եկել հայտարարությամբ թե ի՞նչ մեղք ունեն սպաները երբ դուք 18 տարի «մարդասպան» եք դաստիարակել և ճանապարհել բանակ, ինչպե՞ս կարող է սպան մի քանի ամսում ձեր դաստիարակած «խուժանին» մարդ սարքել, սակայն այս դեպքում ես անմիջապես մտածեցի` պետք է պատժվի ողջ ղեկավարությունը ինստիտուտի, ողջ անձնակազմը սպայական ով ուղիղ պատասխանատու է մեր ապագա սպաների դաստիարակության համար:

Մեր իշխանություններում ընդունված չէ պատժել մեղավորներին, ավելի շատ պատժվում է այսպես կոչված քավության նոխազը, բայց ինչ որ տեղ հույս ունեի, որ գոնե այս անգամ այդպես չի լինի, քանզի ներքուստ հավատում ու վստահում եմ գոնե այս կառույցի ղեկավարին: Չնայած այդ ամենին ես միևնույն է զարմացա որ Սեյրան Օհանյանը արդարացիորեն պատժեց ողջ անձնակազմին ընդհուպ մինչև ամենաբարձր պատասխանատու պաշտոնյան: Սա ընդամենը էլ ավելի բարձրացրեց նրա արդեն իսկ համեմատաբար բարձր վստահությունը ժողովրդի մեջ: Բազմիցս եմ կարդացել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց դրական գնահատականները Սեյրան Օհանյանի հասցեին: Խուսափել եմ ճիշտն ասած ավելորդ անգամ իմ դրական կարծիքը արտահայտելու, որպեսզի այն չվերագրվի կեղծավորության կամ իմ բանակի հանդեպ ունեցած սիրո ու ինչ որ տեղ «կողմնակալության» արտահայտմանը: Սա ուղղակի մի փոքր կամրապնդի այն հույսը որ մենք բոլորս թաքուն փափագում ենք հնարավոր բարեփոխումների և օրինապաշտության:

Ի՞նչ վատ կլիներ, որ ասենք հիմա Բակո Սահակյանը օրենքի ողջ խստությամբ պատժի Հունվարի 31-ի անմիջական մեղավորներին: Ես գիտեմ, հիմա բոլորը միանգամից մտքում ասեցին որ պետք է սկսի իրենից, բայց ես որպես քաղաքացի կարծում եմ, որ այդ ակցիայի նման ավարտը ուղղված էր հենց Բակո Սահակյանի դեմ և չեմ հավատա որ նման պաշտոնը զբաղեցնոլ մարդը նման անհեթեթ հրաման տված լինի թե ծեծեք ցուցարարներին: Այո հնարավոր է ասած լինի մի թողեք, որ մտնեն Արցախ, աշխատեք հետ ուղարկել և համոզված եմ որ տեղյակ էր եթե ոչ անմիջապես հրամայել կանգնեցնել շարասյունը, բայց որ փախչող մեքենաներին հարվածեն, ծեծեն մասնակիցներին, կամ Հայաստանի դրոշն անարգեն, ես կասկածում եմ: Եվ դրա միակ ապացույց կլինի` կրկնվեմ, նման խուլիգանական արարքներ կատարողներին օրենքի ողջ խստությամբ պատժելը, անկախ զբաղեցրած պաշտոնից, ուսադիրների վրայի աստղերի մեծությունից կամ «թափած արյունի» քանակից: Ողջունում եմ Սեյրան Օհանյանի ողջամիտ քայլը և անմիջապես մեղավորներին պատժելու որոշումը և կոչ անում Բակո Սահակյանի հետևել այդ օրինակին...

Արշակ Զաքարյան