2015թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Ն. Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Գուրգենի Ղուկասյանի առանձնատան ուղղությամբ, որի հետևանքով վերջինս կրծքավանդակի ձախ շրջանում ստացել է մարմնական վնասվածք և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում փետրվարի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:
2015թ. փետրվարի 6-ին Վանիկ Ղուկասյանի կինը՝ Անահիտ Կամենդատյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ Տավուշի մարզի Ն. Կ. Աղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանն իր կնոջ՝ Անահիտ Կամենդատյանի հետ գտնվել է իրենց տան առաջին հարկի հյուրասենյակում: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանիկ Ղուկասյանը ցանկացել է դուրս գալ տնից, բացել է հյուրասենյակի դուռը և դեռևս հյուրասենյակից դուրս չեկած՝ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցից վնասվել է տան առաջին հարկի մուտքի դուռը, նույն կրակոցից Վ. Ղուկասյանը կրծքավանդակի ձախ հատվածում ստացել է հրազենային վնասվածք ու տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը տուժողի տան ուղղությամբ ադրբեջանական հենակետերից ինտենսիվ կրակոցները շարունակվել են, որի պատճառով հնարավոր չի եղել դեպքից անմիջապես հետո կատարել դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է։