1749 թվականի փետրվարի 7-ին է ծնվել հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: Նրա անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։
1693 թվականին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թվականին՝ վարդապետ։ 1701 թվականին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թվականին Վենետիկին ենթակաՀունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թվականին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թվականինմիաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։