Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում փետրվարի 7-ին` ժամը 17:00-ին ,տեղի ունեցավ «Ձմե՛ռ Պապ, մնա մեզ հետ ամբողջ տարին» խորագրով անչափ գեղեցիկ մանկապատանեկան միջոցառում, որին մասնակցեցին բազմաթիվ փոքրիկ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, պարային և կրկեսային խմբեր:
Միջոցառումն իսկապես փայլուն էր և յուրահատուկ: Դրա մասին են վկայում ներկա գտնված բազմաթիվ հանդիսատեսները: Միջոցառման ավարտից հետո դահլիճից դուրս եկող յուրաքանչյուր երեխայի դեմքից անպակաս էին մեծ ոգևորությունն ու հիացած ժպիտները: Դա էին մատնանշում նաև միջոցառման կազմակերպիչները Yerevanews.am-ին տված կարճատև հարցազրույցի ընթացքում և հավելում, որ երախաների ժպիտները և մասնակցությունը ներկայացման ժամանակ հենց այն նպատակներն էին, որոնց ձգտել են իրենք: Իսկ երեխաների ոգևորությունը փոխանցվել էր ոչ միայն կազմակերպիչներին և մասնակից արտիստներին, այլ նաև բոլոր ծնողներին, որոնց կողմից հնչեցին միմիայն ամենադրական կարծիքներ և շնորհակալական խոսքեր:
Միջոցառման ընթացքում մասնակիցները պետք է համոզեին Ձմեռ Պապին, որ չհեռանա և ողջ տարին մնա իրենց հետ: Սակայն ի վերջո Ձմեռ Պապը մեկնում է Լապլանդիա, սակայն այդ ամենն արվում է այնքան նրբանկատորեն, որ դահլիճում գտնվող ոչ մի երեխա չի տխրում, չնայած նրան, որ Ձմեռ Պապի մշտական ներկայությունը բոլոր մանկիկների ամենանվիրական երազանքն է:
Իսկ բոլոր այն երեխաներին, որոնց չի հաջողվել ներկա գտնվել այս հրաշալի միջոցառմանը, մնում է հուսալ և սպասել, որ այն շարունակական կլինի և հնարավորություն կտա բոլոր-բոլորին գալ, մասնակից դառնալ միջոցառմանը և նույնպես ստանալ այդ դրական էմոցիաներն ու անասելի ոգևորությունը: