Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանը Գյումրու ողբերգական դեպքերի հետ կապված նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Պարոն Կոստանյան, ստիպված եմ ուղարկել ձեզ երկրորդ գրությունս վերջերս Գյումրիում իրականացված ոճրագործության կապակցությամբ մի շարք իրավական պարզաբանումներ ստանալու նպատակով։

Հայտնի է, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ իրականացված ոճրագործության մեջ մեղադրյալ Վալերի Պերմյակովը այժմ գտնվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում՝ ռուս իրավապահների հսկողության ներքո, ինչը օրենքի կոպիտ խախտում է, քանզի համաձայն ՀՀ օրենսդրության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության 5-րդ կոնվենցիայի, եթե անգամ կասկածյալին հայտնաբերել է ռուսական կողմը, եթե անգամ որպես առաջնահերթ մեղադրանք դիտարկվում է ռուսական բազայից դասալքության փորձը, ապա նախ ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին և եթե անգամ դիտարկենք այն, որ համաձայն ՌԴ օրենսդրության ռուս քաղաքացիների նկատմամբ ռուսական կողմն է իրավասու մեղադրանք կամ խափանման միջոց կիրառել, ապա կրկին տեղի է ունեցել օրենքի խախտում, քանզի եթե Պերմյակովին 72ժ-ից հետո ներկայացվել է մեղադրանք, իսկ Պերմյակովին արդեն ներկայացվել է մեղադրանք սպանության հոդվածով, ապա անձին պետք է անմիջապես տեղափոխեին ՀՀ Արդարադատության համակարգի քրեակատարողական հիմնարկ։ Այսինքն համաձայն ՀՀ օրենսդրության մեղադրանք ներկայացնելու պահից սկսած անձը պետք է տեղափոխվի Հայաստանի Հանրապետության Արդարադատության համակարգի քրեակատարողական հիմնարկ, որտեղ պետք է ապահովված լինեն նրա անվտանգության և իրավունքների պաշտպանության բոլոր չափանիշները։ Այս պարագայում առաջին հերթին խախտվել է մեղադրյալի իրավունքները, որոնց պաշտպանությունը Հայաստանում մտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների մեջ։ Եթե համաձայն օրենքի Պերմյակովին չեն տեղափոխում ՀՀ Արդարադատության համակարգի քրեակատարողական հիմնարկ, ուրեմն ինչ-որ բանից վախենում են և ցանկանում են թաքցնել։ Այս հարցի պարզաբանման առնչությամբ արդեն դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և սպասում եմ նրա իրավական գնահատականին։ Իսկ ձեզանից պահանջում եմ բացատրություն, թե ինչու է Պերմյակովին մեղադրանք ներկայացնելուց հետո, եթե ՀՀ Արդարադատության նախարարության կողմից չկա համապատասխան գործողություն Պերմյակովին ՀՀ Արդարադատության համակարգի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, ՀՀ դատախազությունը անգործության մատնված և չի պահանջում ՀՀ Արդարադատության նախարարությունից կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթը՝այն է մեղադրյալին տեղափոխել ՀՀ Արդարադատության համակարգի քրեակատարողական հիմնարկ։

Պահանջում եմ նաև տալ բացատրություն այն հարցի վերաբերյալ, որը կապված է ձեր կողմից ՌԴ դատախազին համապատասխան պահանջ ուղարկելուն, որտեղ կպահանջեիք գործի քննությունը հանձնել հայ իրավապահներին,քանզի հայ-ռուսական համապատասխան համաձայնագիրը թույլ է տալիս ծանր և խնդրահարույց դեպքերում իրականացնել նման որոշում և հատկապես ինչպիսի՞ փաստեր եք ակնկալում ձեռք բերել նախաքննության փուլում, ինչը ըստ ձեր պնդման թույլ կտա ձեզ դիմել ՌԴ իրավապահ մարմիններին։

Հարկ եմ համարում նաև նշել, որ ձեր կողմից առայժմ չեմ տեսնում գործի նկատմամբ մաքսիմալ լրջություն և մաքսիմալ իրավական նորմերի կիրառում, թե ՌԴ իրավապահ մարմինների և թե ՀՀ Արդարադատության համակարգի նկատմամբ, ուստի եթե այս սիրողական վերաբերմունքը շարունակվի, ստիպված եմ դիմել ՀՀ բոլոր քաղաքական ուժերին և լայն հասարակությանը ձեր պաշտոնանկության պահանջով։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունն առաջնորդվում է բացառապես ՀՀ պետական շահերով և ՀՀ օրենսդրության գերիշխանությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում և ձեր անձի նկատմամբ չունի որևէ անձնական բացասական վերաբերմունք։ Սակայն, եթե դուք որպես ՀՀ գլխավոր դատախազ չառաջնորդվեք բացառապես վերը նշված իրավական նորմերով և չափանիշներով, որոնց իրականացումը մտնում է բացառապես ձեր պարտականությունների մեջ, ես ստիպված եմ գնալ այլ քայլերի և համոզված եղեք, որ ողջ Գյումրին և հայ հասարակությունը կպաշտպանի իմ այդ մոտեցումը»։