Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Եթե դիմակավոր մարդիկ առևանգում են քաղաքական ակտիվիստին, այնուհետև նրա գլխին դիմակ հագցնում և հերթով դաժանաբար ծեծում են, ապա ոչ ոք չի կարող ասել՛ «հարբըմ ենք, իրար ծեծըմ ենք»: Կամ էլ չենք կարող դա բացատրել նրանով, որ ինչ-որ վրդովված խոպանչի վերադարձել է Ռուսաստանից և որոշել է հաշվեհարդար տեսնել քաղաքական գործչի նկատմամբ: ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կատարվածը, իմ կարծիքով, ահաբեկչություն է: Գուցե ես հեռանում եմ «ահաբեկչություն» հասկացության դասագրքային բնորոշումից, սակայն իմ ընկալմամբ՝ ահաբեկչություն է տեղի ունենում այն ժամանակ, երբ մարդու կյանքի և առողջության նկատմամբ ոտնձգությունը կատարվում է ինչ-որ բան ցույց տալու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով:

Ասել, թե ծեծը՝ որպես հարց լուծելու միջոց, Հայաստանում բացառիկ երևույթ է, իհարկե՝ չափազանցություն կլինի: 90-ականներին դրանով «զբաղվում էին» երկրապահները, 2000-ականներին՝ քոչարյանական օլիգարխների «թիկնազորը»: Նմանությունն այդ դեպքերի և Արտակ Խաչատրյանի վրա վայրագ հարձակման միջև այն է, որ մեղավորներն ու պատվիրատուները չեն բացահայտվել և, ենթադրում եմ, չեն բացահայտվելու: Ովբե՞ր էին ծեծել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին: Իսկ գեներալ Սուրեն Աբրահամյանի՞ն: Իսկ լրագրող Նվեր Մնացականյանի՞ն: Պաշտոնապես դրա մասին ոչինչ չի ասվում՝ չնայած որոշ ենթադրություններ մենք ունենք:

Տարբերությունը, սակայն, այն է, որ այն ժամանակ ընդդիմությունը թույլ էր և ճնշված, լրատվամիջոցների նկատմամբ գրաքննությունն ավելի ուժեղ էր, ինչպես նաև զարգացած չէր Ֆեյսբուքը՝ որպես մարդկանց կոնսոլիդացնելու միջոց: Հիմա իշխանական կամ օլիգարխիկ շրջանակներին շատ ավելի դժվար է անպատիժ դիմել նման ահաբեկչական մեթոդների: Իսկ որ դա անում են հենց այդ շրջանակները՝ կասկած, կարծես թե, չկա: Համենայնդեպս, շարքային քաղաքացին հնարավորություն չունի նման «ծեծող բրիգադներ» պահելու»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։