Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանր ու թեթև է արել, մտովի պատկերացրել արդյոք կարող է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով:

Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը: Հավատարիմ մնալով սկզբունքներիս համեստ ներդրում եմ ունեցել համակարգի կայացման հարցում: Շարքային ոստիկանից մինչև ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատար, դժվարին և ուսանելի ճանապարհն անցել եմ պատվով` նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի հրամանով ծառայության եմ անցել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության փրկարար ուժերի վարչությունում: Նույնքան պատասխանատու ծառայություն, որքան և ոստիկանության համակարգում էր: Հուսով եմ կարդարացնեմ բոլոր սպասելիքները:

Հետաքրքիր զուգադիպությամբ 16 տարի առաջ նույն օրը ընդունվեցի ոստիկանության համակարգ:

«Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն»: Սա ԱԻՆ համակարգի ծառայողների կարգախոսն է: Համալրելով իմ գործընկերների շարքերը, հուսով եմ արժանի կլինեմ այդ կարգախոսով առաջնորդվելու պատասխանատվությանն ու փրկարարի բարձր կոչմանը:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Արշակյանը, որը այսօր նշանակվեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: