«Մոր և մանկան» պահպանման կենտրոնում հունվարի 21-ին դաունի համախտանիշով լույս աշխարհ եկած փոքրիկ Լեոյի խնդիրը միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո, քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանում:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Վերարտադրողական առողջության մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ ցանկացած կին, երբ տարբեր պատճառներով հրաժարվում է ծնողական պարտականություններից, և հարցը հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, մեղքը բարդում է բուժաշխատողների վրա:

«Կինը սովորաբար որևէ ջանք չի խնայում արդարացնելու իրեն՝ ասելով, որ անհրաժեշտ ինֆորմացիա չեն տրամադրել, ժամանակի սահմանափակում են դրել՝ կողմնորոշվելու հրաժարվել երեխայից, թե՝ ոչ: Կինը հայտարարել էր, թե հիվանդանոցում մի քանի ժամ են տվել կողմնորոշվելու համար, բայց ես չեմ պատկերացնում նման բան, որևէ հիվանդանոցում չի կարող նման հարց դրված լինել մոր առջև»,- ասաց նա:

Նշենք, որ փոքրիկի մայրը հրաժարվել է երեխայից, որից հետո խնամքը ստանձնել է նորզելանդացի հայրը և տարել փոքրիկին Հայաստանից՝ հայտարարելով, որ Հայաստանում նման երեխաները չեն կարող ապրել կարծրատիպերի հետևանքով: Նա նաև հայտարարել է, որ մայրը երեխայից հրաժարվել է հենց այս պատճառով: Նշենք նաև, որ հայրը հաշվեհամար է բացել, որի վրա աշխարհի տարբեր մարդիկ արդեն ավելի քան 450 հազ. դոլար գումար են փոխանցել՝ մեղադրելով մորը երեխայից հրաժարվելու համար: