Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի N 1483-Ն որոշմամբ Պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք:
1. 2015թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրվում է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը, որի տարեկան արժեքը 8000 դրամ է: Այսինքն 132000 դրամից 52000 տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, իսկ 72 000 դրամը` սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերմանը,
2. 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայությունները կներառեն նաև սոցիալական փաթեթի շահառուի համար առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթը կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը,
3. ներդրվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված՝ սոցիալական վճար կատարող անձի կողմից սոցիալական փաթեթի գումարները սոցիալական վճարների կատարմանն ուղղելու մեխանիզմը,
4. ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, որն ընդգրկում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները` համավճարի սկզբունքով, ինչպես նաև հստակեցվել է առանձին բժշկական ծառայությունների տրամադրման և փոխհատուցման կարգն ու պայմանները,
5. 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթից կօգտվեն նաև «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատողները,
6. 2015թ. հունվարի 1-ից հետո առանց աշխատավարձի պահպանման երեք ամսից ավելի ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում շահառուների սոցիալական փաթեթի գումարները այդ ժամանակահատվածի համար կկասեցվեն: