Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Քաղաքավարության կանոնները խախտելով հայտարարություններ անելով՝ խաղաղության ու երկխոսության ճանապարհը մեկ անգամ ևս փակեցին»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը ելույթ է ունեցել Կոլումբիայում կազմակերպված «1915. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» սիմպոզիումի ընթացքում:

Նա հիշեցրել է, որ այս տարի նշվում է «1915-ի դեպքերի» 100-ամյակը, և հայերի՝ թուրքերին ու թուրքերի՝ հայերին արածներն առողջ քննարկումներով, ճիշտ ձևով չի իրականացվում:

«100-ամյակի պատճառաբանությամբ 1915-ի դեպքերի վերաբերյալ հայկական սփյուռքը շատ բացասական արշավ է իրականացնում: Մենք, որպես թուրքական պետություն, քարոզչության հետևից չենք ընկել: Նման խնդիր չունենք: Մենք միշտ բաց սրտով, անկեղծորեն ցանկացել ենք, որ 1915-ի դեպքերը ճիշտ ձևով ուսումնասիրվեն և պատմվեն»,- ասել է նա:

Նա պնդել է, թե 1915-ի արխիվներն ընդլայնելու փորձ են կատարում և Հայաստանին ձեռք են մեկնել:

Էրդողանը հիշեցրել է անցյալ տարվա ապրիլի 23-ին հղած իր ուղերձը և ասել է. «Հարաբերությունները շտկելու, նոր էջ բացելու ջանքեր գործադրեցինք: Ցավոք, նաև հայկական սփյուռքի ազդեցության պատճառով մեր պարզած ձեռքն ամեն անգամ օդում մնաց: Այս տարի, 100-ամյակին, մենք դարձյալ անկեղծորեն և սրտանց կրկնում ենք՝ եկե՛ք այս հարցը քաղաքական դաշտից հանենք և գիտությանն ու գիտնականներին հանձնենք»,- ասել է նա:

Այս տարի ապրիլի 24-ին Չանաքքալեի ճակատամարտի (Գալիպոլի ճակատամարտ) 100-ամյակին բազմաթիվ երկրների ղեկավարներին հրավերներ են ուղարկվել: Հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահին:

«Կցանկանայինք, որ գային, ապրիլի 24-ին հանդիպեին, այդ մթնոլորտը փորձեին զգալ, հասկանալ, որ մենք էլ հազարավոր զոհեր ենք տվել: Սակայն դա չարեցին: Քաղաքավարության կանոնները ոտնահարող հայտարարություններով մեկ անգամ ևս փակեցին խաղաղության, երկխոսության ճանապարհը: Մենք 1915-ի դեպքերի վերաբերյալ խաղաղության ու երկխոսության ջանքերից չենք հրաժարվելու»,- ասել է Էրդողանը: