1935 թ. փետրվարի 12-ին է ծնվել հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը: Հայ արձակագիրը ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա՝ կրթությունը շարունակել Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-58 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։

1958-62 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։

1996-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։ Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ Մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին: