«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս Մոսկվա էր մեկնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ խոսվել է նաեւ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին, եւ ինքը ռուս գործընկերների մոտ բարձրացրել է սպանությունը կատարած Վալերի Պերմյակովին ՀՀ դատին հանձնելու հարցը:

«Հանձնելու առումով կարծես մտադրություն չկա այնտեղ, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Իրենք ասեցին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին: Ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է:

Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնական խզելու պարագայում կարող է նաեւ վերանայվի գնդակահարության հարցը»,–նկարագրեց գյումրեցի պատգամավորը»: