«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի` երեկ տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը, որը իր կոշտութամբ աննախադեպ էր և ուղղված էր իշխանական էլիտայի մյուս` ոչ իշխանական թևի հիմնական խաղացողի` ԲՀԿ-ի դեմ, մատնեց իշխանությունների մոտ կուտակված զայրույթը:

Սերժ Սարգսյանի մոտ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ զայրույթը, ըստ ամենայնի, կուտակվել է դեռևս անցած տարվա վերջից: Այդ ժամանակ արդեն որոշված էր, որ հունվարի 20-ին պետք է տեղի ունենար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է ընդունվեր նաև հռչակագիրը: Իշխանությունները պլանավորել էին, որ այդ միջոցառումը պետք է լինի քաղաքական դաշտի հիմնական իրադարձությունը: Սակայն դեկտեմբերի վերջին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հունվարի 20-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողով հրավիրելու մասին: Այնուհետև Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով հանձնաժողովի նիստը 9 օրով հետաձգվեց և տեղի ունեցավ հունվարի 29-ին: Ծառուկյանի խորհրդաժողովը ևս հետաձգվեց: Սակայն այդ ընթացքում քաղաքական դաշտում, ի թիվս այլ հարցերի, օրակարգ եկան փոքր և միջին ձեռներեցների բողոքի ցույցերը: Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն էր այդ ցույցերին աջակցում: Մյուս կողմից Բերձորի դեպքերը տեղի ունեցան, որի կիզակետում հայտնված անձանցից մի քանիսը կապեր ունեն մեկ այլ կարկառուն ԲՀԿ-ականի՝ Վարդան Օսկանյանի հետ: Մի խոսքով, ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ արել էին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գործընթացները, որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել, առ ոչինչ դարձնելու համար:

Այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ից 7-ը Մոսկվայում գտնվելիս հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին ընդունված է համարել Գագիկ Ծառուկյանի ոչ հրապարակային ղեկավար: Թե ինչ են խոսել Աբրահամյանը և Քոչարյանը, հայտնի չէ, բայց հաստատ այդ հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանին ներկայացվածը նրա զայրույթը ոչ թե մեղմեց, այլ կրկնապատկեց: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակության հետ մեկնել էր Մոսկվա և տեղում հանդիպել ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ: Թերևս մեզ հայտնի չէ այդ հանդիպումների բովանակությունը, սակայն, ակնհայտ է, որ դրանք ևս նպաստել են Սերժ Սարգսյանի զայրույթի ուժգնացմանը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կարող էր Ծառուկյանի հետ իր հարաբերությունները պարզել ավելի մեղմ եղանակով` ներքին կարգով: Բայց ո՛չ, նա նախընտրեց հրապարակավ հայտարարել, որ պատերազմ է սկսում: Ինչն արդեն իսկ ենթադրում է, որ այլևս ետդարձի ճանապարհ չկա:

Գագիկ Ծառուկյանի դեմ սկսած պատերազմը Սերժ Սարգսյանը հիմնավորում է «քաղաքական դաշտը մաքրելու, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելու» անհրաժեշտությամբ: Սակայն, եթե իսկապես Սերժ Սարգսյանը ցանկանում է քաղաքական դաշտը մաքրել, ապա նա պարտավոր է սկսել իր շրջապատից, մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բազմաթիվ են անձինք, որոնք ամեն ինչ են բացի պատգամավոր և քաղաքական գործիչ լինելուց: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, եթե նման հայտարարություն է անում, ապա նա պարտավոր է սկսել իր շրջապատից:

Սերժ Սարգսյանը նաև խոստովանում է, որ տարիներ շարունակ ինքն է հովանավորել Գագիկ Ծառուկյանին, կամ այլ կերպ ասած՝ աճեցրել նրան: Սարգսյանը նաև հիշեցնում է ինչ-որ հարկերից խուսափելու, քրեական գործեր կոծկելու և ինչ-որ գաղտնի համակարգ ստեղծելու մասին: Պարզվում է՝ նրան տարիներ շարունակ հայտնի է եղել այդ ամենի մասին, բայց հետաքրքիր է, թե ինչու է նա նոր միայն հիշում: Սարգսյանի խոսքն այս տեսանկյունից յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է` իմանալ չհայտնելու կամ միգուցե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։