Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բացառում է, որ Սերժ Սարգսյանը կարող է մինչև 2018թ.-ը պաշտոնանկ արվել:
Այսօր` փետրվարի 14-ին, լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցին, թե հնարավոր է Գագիկ Ծառուկյանն իշխանափոխություն անի և Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արվի:
«Դուք արդեն Կիկոսի մահվան սցենարի մասին եք խոսում: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ չի արվի»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ փետրվարի 13-ին, ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։