Քաղաքացի Մեխակ Մելիքբեկյանին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գ. Ալավերդյանի, Հ.Ղալթախչյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության է եկել Մեխակ Մելիքբեկյանին առևանգելու հարցի շուրջ և 2015թ. հունվարի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղումգտնվող եկեղեցու մոտակայքից առևանգել նրան։
Մեխակ Մելիքբեկյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրան նստեցրել են Հ.Ղալթախչյանին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան և նրա կամքին հակառակ տեղափոխել Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, որտեղ ծեծի են ենթարկել նրան և պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարված խուզարկությունների արդյունքում Ս.Ղաչթախչյանի տանը հայտնաբերվել են 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քաղաքացի Սաշա Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2015 թվականի փետրվարի 13-ին որոշումներ են կայացվել Գ.Ալավերդյանին ու Հ.Ղալթախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: