Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փետրվարի 20-ին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքը առանցքային նշանակություն չի ունենա:

Նրա խոսքով՝ ո՛չ հանրահավաքը եւ ո՛չ էլ նստացույցը մերժելի չեն, բայց ամեն ինչ պետք է ընթանա Սահմանադրության շրջանակներում: Ըստ Ֆարմանյանի՝ այս պահին ինքը չի կարող ասել, թե «ինչ տեղի կունենա, եթե…», բայց կարող է հստակ ասել այն, որ օրենքի շրջանակներից դուրս դրվող ցանկացած փորձ խստորեն կանխվելու է:

Անդրադառնալով իշխանափոխության կոչերին, նա նշեց. «Պատասխանում եմ՝ ոչ չի հաջողվի ոչ միայն այդ օրը, այլև դրան հաջորդող օրերին, որովհետև խնդիրը շատ սխալ է ընկալվում այդ մարդու կողմից, և կարծում եմ՝ նա բաց է թողնում չսխալվելու իր վերջին հնարավորությունը»: