«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավորները երեկ հաշվում էին, թե առաջիկայում քանի՞ պատգամավոր է լքելու ԲՀԿ խմբակցությունը եւ ովքեր են այդ պատգամավորները: ԲՀԿ-ն ԱԺ-ում ունի 36 պատգամավոր, սակայն արդեն խմբակցությունից հեռացել են Արագած Ախոյանն ու Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»:

ՀՀԿ-ական շրջանակներում նշում են, որ հաջորդը նման հայտարարությամբ հանդես կգա ԲՀԿ-ական պատգամավոր հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը: Նա ԲՀԿ-ն լքելու դիմումը գրել է ՀՀԿ-ի նիստի հաջորդ օրը՝ առավոտյան:

Նշենք, որ եւ հարություն Ղարագյոզյանը, եւ Արագած Ախոյանը խորհրդարան են մտել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, եւ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի նրանք պաշտոնապես լքեն ԲՀԿ խմբակցությունը: Այսինքն նրանք ձեւականորեն շարունակելու են մնալ ԲՀԿ խմբակցության անդամներ, այլապես՝ ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց պատգամավորական մանդատներին:

Կարո Կարապետյանը ԱԺ է մտել մեծամասնական ընտրակարգով: Մեծամասնական պատգամավոր է նաեւ Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջոյի Գրիշը, ով արդեն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, դուրս կգա խմբակցությունից:
ԲՀԿ-ն լքողների շարքում նշվում են նաեւ Դավիթ Քոչարյանի (մեծամասնական պատգամավոր) եւ Արմեն Ավետիսյանի անունները (համամասնական)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: