Հայաստանում 2014 թվականին տուբերկուլոզի 1046 նոր դեպք է գրանցվել, որոնցից 90-ը դեղորայքակայուն են: Այս մասին փետրվարի 17–ին մեկնարկած գիտաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ տուբերկուլոզով հիվանդացությունը Հայաստանում տարեցտարի նվազում է, բայց ոչ այնքան արագ, որքան զարգացած երկրներում: 2014 թվականի տվյալներով՝ 100 000 բնակչի հաշվով 34.7 նոր դեպք էր գրանցվել: Համեմատության համար՝ 2013 թվականին տուբերկուլոզի 1980 դեպք էր գրանցվել (100 000 բնակչի հաշվով՝ 66 դեպք), որոնցից 119-ը բազմադեղորայքակայուն էին:
ԱՀԿ տվյալներով, ամբողջ աշխարհում 2013 թվականին 9 միլիոն մարդ հիվանդացել է տուբերկուլոզով, եւ 1.5 միլիոն մարդ մահացել է։ Մահվան 95% դեպքերը գրանցվում են ցածր եւ միջին կենսամակարդակ ունեցող երկրներում։ 480 000 մարդու մոտ 2013 թվականին զարգացել է բազմադեղորայքակայուն տուբերկուլոզ։ Տարեց տարի տուբերկուլոզով հիվանդացության մակարդակը աշխարհում նվազում է, բայց շատ դանդաղ։ 1990–ից մինչեւ 2013 թվականը մահացությունն այս հիվանդությունից նվազել է 45տոկոսով։


