«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Գրեթե հաստատված բանաձև է, երբ ներքաղաքական լարվածության պիկին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի վերքաղաքական, ազգային միասնության կոնտեքստում տեղավորվող հուզիչ և սրտեր ճմլող նախաձեռնություն է ցուցաբերում, նշանակում է՝ փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական ինչ-որ փակուղուց, փորձում է խուսափել ինչ-որ վերահաս ձախողման պատասխանատվությունից: Երեկ մոտավորապես այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց:

Նախ լուր տարածվեց, որ Մոսկվայից Հայաստան ժամանած գործարար Սամվել Կարապետյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ գագիկ Ծառուկյանի հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ և վերջինիս բացատրել, որ Ծառուկյանը մեղավոր չէ ներքաղաքական լարումների համար և որ նրան Լևոն Տեր-Պետրոսյանն է դրդում:

Սրանից մի քանի ժամ անց տարօրինակ հորղորդագրություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը: Պարզվում է դեռևս փետրվարի 12-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը և «Իլուր» կայքին հրապարակման է հանձնած եղել Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ:

Հայ հանրությունը դեռ չէր հասցրել փորձել հասկանալ, թե էս ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լուր Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ծանոթ է նամակին և անպայման կարձագանքի:

Եվ այստեղ էր, որ հասկանալի դարձավ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը շտապ հրապարակել նամակը: Տեղեկանալով, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել այդ պետականաստեղծ գործընթացից, ու որոշել է բարձր գոռալ. «Արա, էդ ի՞նչ եք խոսում առանց ինձ, բա ե՞ս»: Սերժ Սարգսյանն էլ մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց. «Մի աղմկեք հարգելիս, ձեզ հետ էլ կխոսենք»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: