Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Գագիկ Ծառուկյանի պատասխանից հետո քաղաքական դաշտում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Մի շարք ԲՀԿ-ականներ բերման են ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ, խուզարկության փորձ է կատարվում ԲՀԿ-ական պատգամավորի տանը, արդեն մի քանի ԲՀԿ-ական պատգամավոր դուրս է եկել կուսակցությունից ու խմբակցությունից: Մաուլում լուրեր են շրջանառվում, որ առաւիկայում կուսակցությունը կլքեն մի շարք պաշտոնյաներ: Այդ հնարավոր ցանկում հիշատակվում է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունը:

«Ասպարեզը» Սամվել Բալասանյանից փորձել է պարզել, թե ի՞նչ կարծիքի է Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Գագիկ Ծառուկյանի պատասխանի, տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես է գնահատում ԲՀԿ-ից դուրս եկող պատգամավորների քայլը, արդյո՞ք ինքը եւս դուրս է գալու ԲՀԿ-ից, փետրվարի 20-ի հանրահավաքին մասնակցելու է, կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին: Այս հարցերի առնչությամբ քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը մեզ փոխանցեց.

-Ցանկացած գործընթացից հետո բազմիցս նշվել է, որ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է եւ զբաղված է քաղաքաշինական ու իր համապատասխան աշխատանքներով: Այս դեպքում եւս կարող եմ նշել, որ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է:

Միակ պատասխանը, որպես այդպիսին, վերաբերում էր Ս.Բալասանյանի՝ կուսակցությունից դուրս գալու լուրերին: Լ.Մակարյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց. «Լուրերը, որ իբրեւ թե քաղաքապետը ԲՀԿ-ն լքելու է՝ թյուրիմացություն են: Նման բան գոյություն չունի, ուրիշ ոչ մի բան ավելացնել չեմ կարող»: