2013թ. մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ ներկայացրած ԲՀԿ–ի համամասնական ցուցակը, ըստ YerevanNews.am-ի, բավականին ուշագրավ է։
Պետք է նկատենք, որ մեր երկրի թիվ 2-րդ քաղաքական ուժ համարվող կուսակցության ցուցակում շատ են գործազուրկները, ֆիզկուլտուրայի մասնագետները, «Մուլտի Լեոն» գազալցակայանի և «Կոտայք» գարեջրի աշխատակիցները:
Սակայն ցուցակում ուշադրության են արժանանում հատկապես հետևյալ մարդիկ, ովքեր մտածելու տեղիք են տալիս, թե ինչ պետք է անեն Երևանի ավագանու կազմում:
Մասնավորապես Մուշեղ Իսրայելյանը, ով «Մուլտի Լեոն» գազալցակայանի հերթափոխի պետն է, Գոռ Այվազյանը, ով նույն գազալցակայանի գազալիցքավորողն է, Սամվել Հակոբյանը` «Առդա Գազ» ՍՊԸ-ի հերթափոխի պետն է, Մամիկոն Փասադանյանը «Մուատ» ՓԲԸ-ի վարորդն է, Ռուդիկ Ենոքյանը «Վիվառո» բուքմեյքերական ընկերության օպերատորն է, Անդրանիկ Գրիգորյանը «Երևանջուր» ընկերության տեսուչն է, Հայկ Վարդանյանը` Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն ինտերնատի հսկիչն է, Կարեն Խաչատրյանն էլ մատակարարը:
Այս ցուցակը ուշադիր զննելուց հետո, հասկանում ենք, որ մեր քաղաքական ուժերի հիմնական նպատակն է մարդաքանակ ապահովելը: Հակառակ դեպքում, դժվար է պատկերացնել այս անձնակազմին Երևան քաղաքի ավագանու կազմում:
Սակայն ԲՀԿ-ի ցուցակը «զարդարելուց» զերծ չեն մնացել նաև գործարարները, մի շարք անհատ ձեռներեցները, ՍՊԸ-ի տնօրենները և սպորտի ներկայացուցիչները:
Պետք է նշենք, որ ԲՀԿ-ի Երևանի ավագանու ցուցակի կարկառուն ներկայացուցիչներ են համարվում ցուցակի առաջին երեք տեղը զբաղեցնող ԱԺ պատգամավորները` Վարդան Օսկանյան, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյան, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյան, 7 հորիզոնականում Ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, 14-րդում` Արմենուհի Գևորգյանը, ով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) աղջիկն է, 43-րդում` Իրինա Քոչարյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է: