«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 12-ի՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից 6 օր անց, ԲՀԿ-ի դեմ-դեմ սկսված հետապնդումները չեն դադարում:
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության արդյունքում իրավապահները գործի են անցել և «նստել» Գագիկ Ծառուկյանի թիմակիցների «պոչին»:
Իրավապահներն առաջին օպերացիան իրականացրին ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում, որից հետո հարցաքննեցին նրա որդուն` Արթուր Մանուկյանին, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի կասկածանքով: Ցանկանում են կոտրել նրա գլխին, ու թերևս դրա համար էլ ոստիկանությունում կայացած հարցաքննությունից հետո Արթուր Մանուկյանը հեռացավ Հայաստանից: Այնուհետև Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի մեքենան տուգանային հրապարակ տեղափոխվեց, Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտների թիկնազորը «բեռնաթափվեց»:
Պատգամավորի հյուրանոցն ու մարմնավաճառները
Այն, որ իշխանության հրահանգով սկսված «Операция ы»-ին այսքանով չէր ավարտվելու, թերևս պատկերացնելի էր: Եվ այսպես, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին էին հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառների` 32-ամյա Մարինեին, 41-ամյա Նաիրային, 37-ամյա Հայկուհուն և 32-ամյա Սիրանուշին: Նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանին: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր՝ եթե իշխանությունները ցանկանում էին իրեն ճնշել, ապա ինչ կապ ունեն այդ ամենի հետ իր համալիրի այցելուները: Ուստի այս իրավիճակում տեղին է հիշեցնել պատգամավորին հայտնի խոսքը՝ եթե կա մաճառ, էլ ինչ պատճառ: Ինչևէ, պատգամավորի հյուրանոցի գործով կատարվում է հետաքննություն:
Երեկ՝ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները շրջափակել և մտել էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տուն, խուզարկություն անցկացրել և պահանջել Գասպարյանից, որ որդին՝ Ռոման Գասպարյանը, ներկայանա Երևանի քննչական վարչություն: Կներկայանա արդյո՞ք պատգամավորի որդին ՀՀ քննչական կոմիտե, Ռուստամ Գասպարյանը պատասխանել էր. «Տղայիցս ձե՞ռ եմ քաշել, որ թողնեմ, գնա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: