ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչուհի Օքսանային՝ իրեն առևանգելու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բնակչուհին, նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ, հաղորդում է ներկայացրել՝ երկու անձի կողմից իրեն առևանգելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ գրավոր հաղորդում է ներկայացրել, թե 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչներ Ա. Բաղդասարյանն ու Է. Մալերյանը, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, իրեն առևանգել, տեղափոխել են Ստեփանավան քաղաք և իր կամքին հակառակ մեկ օր պահել ինչ-որ բնակարանում՝ նրանց մեղադրելով ծանր հանցագործության կատարման, այն է՝ բռնության գործադրմամբ իրեն խմբով առևանգելու մեջ:
Նախաքննությամբ պարզվել է, որ իրականում առևանգում տեղի չի ունեցել և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015 թվականի փետրվարի 16-ին Օքսանային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է: