«Հրապարակ» թերթը գրում է. «Գառնիկ Իսագուլյանը Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների առիթով ասում է, որ ոչ մի արտառոց բան, առավել ևս նահանջ տեղի չի ունեցել, փետրվարի 12-ից՝ ՀՀԿ-ի հայտնի նիստից հետո իշխանությունը, Իսագուլյանի խոսքով, իրեն օրենքից դուրս է դրել, իսկ ԲՀԿ-ն, «շատ սթափ գնահատելով իրավիճակը, ընդամենը իշխանություններին ժամանակ է տվել, որ վերադառնան սահմանադրական դաշտ». «Օրենքը խախտելով՝ չարտոնեց փետրվարի 20-ի հանրահավաքը, հիմա այս պարագայում հանգուցալուծումը կարող էր լինել հետևյալը՝ կամ գնալ առաջ, հաշվի առնելով, որ իշխանությունն աշխատում է օրենքի դաշտից դուրս, և հնարավոր են ցանկացած սադրանքներ, որոնց արդյունքում կարելի է պատկերացնել, թե ինչեր կարող էին տեղի ունենալ»: Բայց չէ՞ որ ընդդիմադիր գործիչները հայտարարում էին, որ, անկախ ամեն ինչից, հանրահավաքը կայանալու է, եթե նույնիսկ դա չթույլատրեն, բացի դրանից, արդյոք իշխանափոխության պայքար մղող ուժը պիտի հարմարվի՞ իշխանությունների թելադրած խաղի կանոններին: «Ընդդիմությունը կամ ոչ իշխանականները մինչ օրս իրենց բոլոր գործողությունները կատարել են օրենքների շրջանակներում, որևէ դեպք, խոսք, միջադեպ, խորհրդաժողով չեք կարող մատնանշել, որն արվել է օրենքից կամ Սահմանադրությունից դուրս: Հիմա էլ իշխանություններին է շանս տրվում վերադառնալ սահմանադրական դաշտ, որևէ նահանջի, պարտության ու վախենալու մասին խոսելն անիմաստ է»:
– Պարոն Իսագուլյան, այսինքն, դուք հստակ ինֆորմացիա՞ ունեք, որ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման ընթացքում Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին նման շանս տվել:
– Հիմա գիտեք, միշտ եթե բանակցություններ, հանդիպումներ են լինում, այս իրավիճակում շանս է դա նշանակում:
– Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանն էր ի սկզբանե Գագիկ Ծառուկյանին քաղաքական ասպարեզից վտարելու հրահանգ տվել, որին հետևեց Ծառուկյանի՝ «չարիքի իշխանության» դեմ պայքարելու, իշխանափոխություն անելու պատասխան-ելույթը: Հիմա բանակցությունները պետք է այս երկու հարցի վերաբերյալ ընթանային, ո՞վ ում պետք է շանս տար այս պարագայում:
– Գիտեք, այստեղ էլ մենք պետք է շեշտադրումները ճիշտ դնենք, Ծառուկյանը որևէ մեկին «չարիքի իշխանություն» որակումները տվել է որպես համարժեք պատասխան, երբ որ ասել են, որ երկրի առաջ չարիքը, այ, սա է: Իսկ Ծառուկյանն էլ պատասխանել է, որ ժողովուրդը լավ գիտի, թե չարիքը որն է, և մենք պետք է պայքարենք այդ չարիքի դեմ:
- Այսինքն, Գագիկ Ծառուկյանն անձնապես հակված չի՞ եղել Սերժ Սարգսյանի իշխանությունը չարիք համարել:
– Նորից եմ կրկնում, եթե դուք ինչ-որ մեկին համարում եք բոլոր մեղսանքների, ձախողումների խոչընդոտ ու չարիք, և ասում են, որ ժողովուրդը լավ գիտի չարիքն ով է: Դրա համար մենք պետք է շանս տանք ժողովրդին, որ ժողովուրդն ինքը որոշի, թե ով է չարիքը: Եթե իշխանություններն իրենց վրա վստահ են, պիտի նույն ժողովրդին այդ շանսը տան: Այս պարագայում իշխանություններին ևս մեկ շանս տալը դեռևս կորսված հնարավորություն չէ, և նրանք, ովքեր եկել-բարեխոսել են, խորհուրդ են տվել, խորհրդակցել են, լավ կանեն, որ այդ նույն խորհուրդները տան հանրապետության նախագահին:
- Չե՞ք կարծում, որ այդ «շանսը» կարող է որոշիչ դեր խաղալ Ծառուկյանի քաղաքական կենսագրությունում՝ խարխլելով նրա նկատմամբ ունեցած ժողովրդի վստահությունը:
– Կարո՞ղ եք ասել ինչու:
– Որովհետև Ծառուկյանն օրեր առաջ համազգային մոբիլիզացիայի կոչ արեց՝ խոստանալով վերջ դնել չարյաց իշխանությանը, թերթել Հայաստանի անփառունակ պատմության էջը, մինչդեռ օրեր անց նույն այդ մարդը հայտարարում է, որ ռադիկալ քայլերի չի գնալու, որովհետև իր համար թանկ է ցանկացած կյանք: Մի՞թե Ծառուկյանը նախապես քաղաքական հաշվարկ չէր արել և տեղյակ չէր, որ իշխանությունը հանգիստ չեն կարող վերցնել:
– Բայց Ծառուկյանը միշտ է հայտարարել, որ առճակատման ու հակաօրինական գործողությունների չի գնա: Խորհրդաժողովում էլ հստակ նույն բանն է ասվել: Եթե անօրինական քայլերի չգնալը դուք դիտարկում եք նահանջ, դա ձեր խնդիրն է: Դա նահանջ չի, այլ շանս է իշխանություններին, որ իրենք էլ վերադառնան օրինական դաշտ: Որովհետև նույնիսկ հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է հանրահավաքից, ոչ մեկ ապահովագրված չէ, և չի նշանակում, որ ոչ մեկ ինքնաբուխ այդ օրը հրապարակում չի հավաքվի, այդ դեպքում ես չգիտեմ, թե իշխանություններն ինչ կանեն: Եթե որևէ մեկն իշխանություններին շանս է տալիս մի անգամ էլ խորհել, դա նշանակում է, որ ժողովուրդը դրանից հավատը պետք է կորցնի՞:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում